16/10/2013 17:37
2013-ի 3-րդ եռամսյակի սև ցուցակում են ԱԺ նախագահը, նախարարներ և պաշտոնյաներ
Տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկան այսօր ցույց է տալիս, որ որպես կանոն տեղեկություն ստանալու հարցումների մեծամասնությունն անպատասխան չի մնում` տեղեկություն տնօրինող գրեթե բոլոր մարմիններն էլ արձագանքում են ԻԱԿ-ի ՏԱ հարցումներին` առնվազն կրկնակի հարցմանը տրամադրելով պատասխան: Այս մասին հայտնում են Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնից:
«Հարկ է սակայն նշել, որ սա պատասխան գրությունների որակական ցուցանիշ չէ. դեռևս շատ են թերի պատասխանները, անհիմն մերժումները և անհիմն պատասխանները, որոնք, սակայն, նախկինում սև ցուցակում չէին արտացոլվում: Վերոնշյալը հաշվի առնելով` 2013թ.-ի հուլիսի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայտարարեց, որ այդուհետ խստացնում է Սև ցուցակի չափորոշիչները և 2013թ.-ի 3-րդ եռամսյակի և հաջորդ բոլոր Սև ցուցակներում ներառվելու են ոչ միայն ՏԱ հարցումներն անպատասխան թողած, այլ նաև ՏԱ հարցումներին պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետները խախտած, ինչպես նաև անհիմն մերժումներ, անհիմն պատասխաններ տրամադրած տեղեկություն տնօրինողները»,- ասված է ԻԱԿ հաղորդագրության մեջ:
Այսպիսով, ըստ կենտրոնի, 2013թ.-ի 3-րդ եռամսյակի ընթացքում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը և այլք: