16/10/2013 09:33
Արամ Օրբելյան. Այլընտրանքային լուծումների դեպքում նախագիծը հնարավոր է հանվի
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, ինչպես հայտնի է, առաջացրել են փաստաբանների դժգոհության մեծ ալիք: Փաստաբանները պնդում են, որ ոչ մի կերպ չեն վճարելու 60 հազար դրամ տուրքը, որը, իրենց խոսքով, ապօրինի է սահմանվել:
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է նախագծի հեղինակ, արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի հետ: Նա նշել է. «Նախագիծը դրվել է հանրային քննարկման, ինչպես նաև ուղարկվել է շահագրգիռ կողմերին, տվյալ դեպքում` Փաստաբանների պալատին: Ակնկալվում էր, որ նախագծի վերաբերյալ կստանանք առաջարկություններ, բայց չէինք ակնկալում, որ նմանատիպ հրապարակային արշավ կսկսվեր նախագծի վերաբերյալ:… Պետք է հաշվի առնել, որ խոսքը գնում է ամսական 5 հազար դրամի մասին: Այսինքն` ամսական 60 հազար չեն վճարում: Դա տարեկան վճար է»:
Հարցին, թե օմբուդսմենը նշել էր, որ արդարադատության նախարարությունը չպետք է միջամտի փաստաբանների անկախ գործունեությանը: Նախագծով, ըստ էության, միջամտելու փորձ չի՞ կատարվում, Ա. Օրբելյանը պատասխանել է. «Նախ` պետք է նշենք, թե այս դեպքում օմբուդսմենը որպես ով է խոսում` որպես օմբուդսմե՞ն, թե՞ նախկին փաստաբան: Երկրորդ` ես անկախության ոտնահարման փաստ չեմ տեսնում: Մեն ընդամենը ասում ենք` պալատը տալիս է ձեզ լիցենզիա, լիցենզիան բերում եք, դիմում ենք նախարարություն, մենք ձեզ միանգամից գրանցում ենք»:
Հարցին՝ հնարավո՞ր է նախագիծը վերանայվի, Ա. Օրբելյանը պատասխանել է. «Իհարկե կվերանայվի, բայց ինչ չափով, ինչ ձևով, պետք է քննարկել: …Մենք կքննարկենք, եթե կզգանք, որ այլընտրանքային այնպիսի լուծումներ կան, որ այս օրենքի անհրաժեշտությունը բացակայում է, կհանենք»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: