17/10/2013 18:55
Ոստիկանությունը մերժել է Եղնուկյանի դիմումը. Բերված հիմքերը բավարար չեն
2013 թ. սեպտեմբերի 9-ին Կարո Եղնուկյանը ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմում է ներկայացրել իր և ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռք առնելու համար՝ պատճառաբանությամբ, որ Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» շենքի ճակատային մասին փակցրել են իր նկարը և գրառել՝ «մասոն. ոչ վարձու ընդդիմախոսներին, ոչ օտարերկրյա լրտեսներին, ոչ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը»: Բացի այդ, նա հայտնել է, որ 2013 թ. սեպտեմբերի 5-ին Սուրեն Սաղաթելյանին և Հայկակ Արշամյանին անհայտ անձինք ծեծել են իր փոխարեն, քանի որ նրանց ծեծի ենթարկելու ընթացքում ասել են՝ «ախպար ես»:
Ուսումնասիրելով Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ դիմումը՝ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը գտնում է, որ նրա կողմից բերված հիմքերը քննության ներկա փուլում բավարար չեն անվտանգության ապահովման պաշտպանության միջոցներ կիրառելու համար, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության 98 հոդվածի պահանջների՝ պաշտպանության միջոցներ են կիրառվում հանցագործության բացահայտման և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ կարևոր նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնող անձի նկատմամբ, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, ընտանիքի անդամների առողջությունը, գույքը, իրավունքները և օրինական շահերը, ուստի վերջինս ունի պաշտպանության իրավունք: Մինչդեռ քրեական գործի քննության ընթացքում նման տեղեկություններ Եղնուկյանը չի հայտնել, ուստի նրա միջնորդությունը այս փուլում անհիմն է և ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատական օրենսգրքի 55-րդ և 98-րդ հոդվածների պահանջով՝ Կարո Եղնուկյանի դիմումը մերժվել է անհիմն լինելու հիմքով, ինչի մասին նրան տեղյակ է պահվել:
Նախորդող հրապարակումներ՝ Կարո Եղնուկյանը պահանջում է ապահովել իր ու ընտանիքի անվտանգությունը
Եղնուկյանը ՄԻՊ-ին հայտնել է, որ «իրեն սպառնում և հետապնդում են»