19/10/2013 13:53
Ա. Պողոսյան. Ձվի թանկացումն անտրամաբանական է և արդարացված չէ
Պետք է այնպես անել, որ խոշոր տնտեսվարողները կուլ չտան ավելի փոքրերին: Չկա համապատասխան մարմինների օպերատիվ արձագանքը, պետք է պատկան մարմինները և ՀԿ-ները համատեղ աշխատեն, հաճախակի ստուգումներ իրականացնեն, որպեսզի տեսանելի արդյունք լինի: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ապրանքների թանկացումների մասին, ասաց «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Ներկայում բացի շաքարավազից, Ա. Պողոսյանի խոսքով, պարենային բոլոր ապրանքները թանկանում են, մինչդեռ համաշխարհային շուկայում պարենամթերքի գինը 10-15 տոկոսով իջնում է: Խոսելով, մասնավորապես, ձվի թանկացման մասին` ՀԿ նախագահը նախ նշեց, որ Հայաստանը ձու արտահանող երկրից վերածվել է ձու ներկրող երկրի, ձու ներկրվում է հատկապես Բուլղարիայից:
«Հայաստանում 17 ձվարտադրող ընկերություն կա, որոնցից դաշտում միայն 6 ընկերություն է թելադրող, իսկ նրանցից 2-ն ամենաուժեղն են»,- ասաց Ա. Պողոսյանը` ավելացնելով, թե նախորդ տարի սննդի անվտանգության պետական տեսչությունը ձվարտադրող բոլոր ընկերություններին հավասարապես տուգանեց և փոքր ընկերությունները սնանկացան, իսկ միջինների ապրանքաշրջանառությունը կրճատվեց:
«Ձվի շուկայի նկատվող թանկացումն անտրամաբանական է, ոչ արդարացված և թանկացման որևէ օբյեկտիվ պատճառ չկա: Թանկացումն անկազմակերպ, տնտեսական ոչ օպտիմալ քաղաքականություն վարելու հետևանք է»,- եզրափակեց խոսքը Ա. Պողոսյանը: