19/10/2013 15:38
4 պատճառ, որ քայքայում է ամուսնությունը
Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր, հանրահայտ հոգեբան Ջոն Գոթմանը, ով կարողանում է 91 տոկոս ճշգրտությամբ կանխագուշակել զույգի հարաբերությունների ապագան 15 րոպեանոց զրույցից հետո, մի ուսումնասիրություն է ներկայացրել, որտեղ ներկայացնում է այն 4 սովորությունները, որոնք կարող են խաչ քաշել ամուսնության վրա:
Քննադատություն: Բողոքները և դժգոհությունները ընտանիքում բնական երևույթ են: Այս երկուսից ավելի տարածվածը քննադատությունն է, բայց քննադատել դեռ չի նշանակում վիրավորել մարդու անձը, բայց շատ ընտանիքներում չեն տարբերում սա ու դառնում է բաժանության պատճառ:
Արհամարհանք: Օտար մարդկանց ներկայությամբ միմյանց վիրավորելը, ծաղրելը, անտեղի կատակները, արհամարհական վերաբերմունքի դրսևորումն ամենատարբեր իրավիճակներում կարող են ճակատագրական դառնալ ամուսնական հարաբերություններում: Եթե դուք ձեր կողակցի հանդեպ ցուցաբերում եք արհամարհական վերաբերմունք, ապա ցանկացած խնդրի լուծումը գործնականում անհնար է դառնում:
Ինքնապաշտպանություն: Ինքնապաշտպանական դիրք բռնելը կողակցին մեղադրելու ձևերից մեկն է: Գործնականում այդ մեղադրանքը հնչում է այսպես՝ «Պատճառն իմ մեջ չէ. Մեղավորը դու ես»: Այս երևույթը ավելի է բարդացնում հարաբերությունները և առկա կոնֆլիկտը:
Սառնաշունչ լռություն: Երբ ընտանեկան կոնֆլիկտում զույգերից մեկը կտրուկ դադարեցնում է խոսակցությունը և լռում՝ ի նշան նրա, թե իբր համաձայնեց, ապա նա դանդաղ սպանում է հարաբերությունները: Երբեմն ընտանիքներում կռիվները տարիներ են տևում՝ խլելով ժամանակ և ապարդյուն ջանքեր, մինչդեռ, պետք է ընդունել միմյանց թերություններն ու առավելությունները և ապրել՝ փորձելով հասկանալ դիմացինին: