19/10/2013 12:54
ՃՈ պետ. 9 ամիսների ընթացքում աշխատանքից ազատվել է ոստիկանության 5 սպա
Անցած 9 ամիսների ընթացքում Երևանում գրանցվել է 832 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 43 քաղաքացի, վիրավորվել՝ 1044: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:
ՃՈ պետի խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2-ով նվազել է մահվան ելքով դեպքերի թիվը:
Արսեն Արշակյանը նշեց նաև, որ այս ժամանակահատվածում աշխատանքից ազատվել է Երևանի Ճանապարհային ոստիկանության 5 սպա:
«Նրանք աշխատանքից հեռացվել են ծառայությունը ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների նկատմամբ ոչ պարկեշտ վերաբերմունք ցուցաբերելու, վարչական պատասխանատվության չենթարկելու պատճառով»,- ասաց Արսեն Արշակյանն ու ավելացրեց, որ նույն կերպ խիստ են կանոնները նաև ոչ կարգապահ վարորդների համար.
«Այս քաղաքում չկա որևէ մեկը, ով կարող է իրեն թույլ տալ և արտահայտվել, որ ինքը` որպես վարորդ, առավելություն ունի մյուսների նկատմամբ՝ կախված իր մեքենայի մակնիշից կամ հարստության աստիճանից»,- ասաց ՃՈ պետն ու ավելացրեց, որ շուտով կգործեն տուգանքներ նաև մգեցված ապակիների դեպքում: