21/10/2013 16:14
Վարդան Մինասյանը չի գլխավորի ազգային հավաքականը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը քիչ առաջ ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Ես այսօր հանդիպում եմ ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկել ենք Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված մի շարք խնդիրներ: ՀՖՖ նախագահն ինձ առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, բայց ես հրաժարվել եմ առաջարկից, իհարկե իմ խորին շնորհակալությունը հայտնելով ՀՖՖ նախագահին վստահության համար: Ինձ համար մեծ պատիվ կլիներ կրկին ստանձնել ազգային հավաքականի ղեկը, բայց ես այս պահին գերադասում եմ իմ կարիերայի այլ շարունակություն: Կան մի շարք առաջարկներ, մասնավորապես արտերկրից, և ես ուզում եմ քննարկել այդ առաջարկները»,- ասել է Վարդան Մինասյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է ս.թ. հոկտեմբերի 31-ին:
Օգտվելով առիթից` Վարդան Մինասյանը շնորհակալություն է հայտնել ՀՖՖ նախագահին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին, ՀՖՖ աշխատակազմին:
«Ուզում եմ օգտվելով առիթից իմ շնորհակալությունը հայտնել նախ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով անցած 4 տարիներին ինձ վստահեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները: Յուրաքանչյուր մարզչի համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզիչ լինելը: Ես նույնպես ինձ համար մեծ պատիվ եմ համարել: Ավելի մեծ զգացողություն՝ ներկայացնել երկիրը, պետությունը, կանգնել քո պատվին հնչող պետական հիմնի հնչյունների ներքո, իմ կարծիքով չկա, և ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ազգային հավաքականի հետ ունեցել եմ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր ֆուտբոլի երկրպագուներին: Ես միշտ զգացել եմ նրանց աջակցությունը, նույնիսկ այն պահերին, երբ անխնա քննադատել են ինձ: Վստահ եմ, որ նրանք միշտ կմնան մեր հավաքականի, մեր ֆուտբոլի կողքին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեդիայի ներկայացուցիչներին: Ես միշտ անկեղծ եմ եղել նրանց հետ, միշտ ասել եմ այն, ինչ մտածում եմ, միշտ բաց եմ եղել և այսուհետ ևս կմնամ մեդիայի բարեկամը, անկախ իմ նկատմամբ նրանց վերաբերմունքից: Եվ ամենակարևորը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին:
Ինձ համար մեծ հաճույք է եղել նրանց հետ աշխատելը, թե որպես ֆուտբոլիստների, թե որպես մարդկային լավ բնավորություններով օժտված մարդկանց: Նրանց հետ ենք հաղթահարել մեր առջև դրված բարդությունները, նրանց հետ ենք անցել մի ճանապարհ, որը կարծում եմ օգտակար է եղել: Նրանք մեծ ներուժ ունեն, պրոֆեսիոնալ են իրենց մոտեցումներում և վստահ եմ, որ դեռ շատ բարձրունքներ են նվաճելու: Ես մեծ ձեռքբերում եմ համարում, որ ձևավորել ենք և ունենք միասնական, համերաշխ, միմյանց նկատմամբ հարգանքով թիմ: Հուսով եմ, նաև ինչ որ բան ես եմ տվել նրանց այս 4 տարիների ընթացքում»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Վարդան Մինասյանը: