21/10/2013 09:30
Դերասան Վարդան Պետրոսյանը վթարի է ենթարկվել. Նրա վիճակը գնահատվում է ծանր
Նախօրեին ժամը 22.22-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ ԱԻՆ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1959 թ. ծնված Վ. Պ.-ին և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից` վարորդ` 1965 թ. ծնված Ա. Հ.-ին, ովքեր տեղափոխվել են Եղվարդ քաղաքի, այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վ. Պ.-ինը` ծանր:
Մյուս տուժածների ինքնությունը պարզելու նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև 1994 թ. ծնված Տ.-ն և 1997 թ. ծնված Է. Հ.-ն, նրանց առողջական վիճակը բժիշկները նախ գնահատել են միջին ծանրության, իսկ ավելի ուշ` «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1997 թ. ծնված Է. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
«Էրեբունի» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել նաև 1970 թ. ծնված Հ. Հ.-ը, 1992 թ. ծնված Է. Հ.-ը, որտեղ Է. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Հ. Հ.-ինը՝ ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, օգնել են ավտոմեքենաները մոտեցնել ավտոքարշակին:
Նշենք, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի քանի ընկերներով հիվանդանոցում ենք: Վարդան Պետրոսյանին այժմ վիրահատում են: Նրա գիտակցությունը տեղն էր, ավտոբարձիկներն էին բացվել: Բժիշկներն ասում են, որ կյանքին վտանգ չկա»: