22/10/2013 11:50
Գորգերի թանգարանի շնորհանդես` Շուշիում
Հոկտեմբերի 22-ին ժամը 12:00-ին Շուշիի արվեստի կենտրոնում տեղի կունենա Գորգերի թանգարանի շնորհանդեսը: Թանգարանը ստեղծվել է մասնավոր նախաձեռնությամբ` Վարդան Ասծատրյանի կողմից, ով ներկայումս զբաղեցնում է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնը: Այս մասին հաղորդում են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Թանգարանի հավաքածուն ներառում է 17-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում հյուսված 250-ից ավելի գորգեր, որոնք լավագույնս ներկայացնում են արցախյան գորգարվեստի առանձնահատկությունները:
Թանգարանի ստեղծման նպատակն է մոռացությունից ու կործանումից փրկել արցախյան ավանդական գորգերն ու գործվածքները, մշտական ցուցադրության միջոցով ներկայացնել արցախյան գորգագործական մշակույթը` այդ կերպ նաև հակազդելով Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող հայկական մշակույթի յուրացման քաղաքականությանը:
Շուշիի արվեստի կենտրոնը հիմնադրվել է 2012թ. մոսկվայաբնակ բարերար Կարո Սարգսյանի կողմից: 2013թ. օգոստոսին շենքի առաջին հարկը անհատույց հատկացվել է արցախյան գորգերի և կենցաղային հին իրերի պահպանման ու ցուցադրման համար:
Արցախի մշակութային ժառանգության պահպանմանն ու պաշտպանությանն ուղղված այս նախաձեռնությունը կարևորելով՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Գորգերի թանգարանի գործունեությանը:
Պետություն-մասնավոր փոխգործակցությամբ, այսպիսով, Շուշիում ստեղծվում է մշակութային ևս մեկ հաստատություն, որի գործունեությունը կարող է նախադրյալներ ստեղծել՝ Արցախը գորգագործության ուսումնասիրության ու զարգացման կենտրոն դարձնելու համար: