22/10/2013 17:43
Վարդան Սեդրակյանի գործով վերաքննիչ բողոքն ուղարկվել է դատարան
Վարդան Սեդրակյանի գործով վերաքննիչ բողոքն ուղարկվել է վերաքննիչ դատարան՝ «նշված դատավճռով թույլ է տրվել դատական սխալ» պատճառաբանությամբ: Այս մասին տեղեկանում ենք «Սիրունյան» իրավաբական գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
«Ըստ էության, ընթերցելով դատավճիռը, ստացվում է, որ դատավարության մասնակիցներից ինչ-որ մեկի կամ մի քանիսի մոտ մի բան այն չէ մեղսունակության հետ, որովհետև ստացվում է, որ առանց դրդապատճառի, առանց նպատակի, առանց պատշաճ դրդելու (ստիպելու, վարձատրելու...), առանց կազմակերպչական աշխատանքի, առանց գին պայմանավորվելու և վճարելու (դիլխոր չէք մնա ասելով) Վ.Սեդրակյանը հանձնարարում է սպանել ոչ ավել-ոչ պակաս Պարույր Հայրիկյանին, հեռու չգնալու համար դա հանձնարարում է իր դիմացի հարևանին (որ բացահայտելը հեշտ լինի), կատարողներին հանձնարարում է Պ.Հայրիկյանին հետևյալ հենց իր՝ Վ.Սեդրակյանի մեքենայով, որ կասկած չլինի, որ դա իր մեքենան է, չհաջողված սպանության իր «հանցակիցներին» չի հեռացնում հանրապետությունից (առնվազն՝ չի պարտակում), որպեսզի իրավապահների աշխատանքը չդժվարացնի, Խ.Պողոսյանին էլ խորհուրդ է տալիս «ՆԱԳԱՆ»-ը և փամփուշտները տանել տուն, ապահով պահել, որ գործը հեշտ բացահայտվի...»,-ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման ժամկետով, Խաչատուր Պողոսյանը՝ 14, Սամվել Հարությունյանը 12 տարի ժամկետով:
Դատարանը Պարույր Հայրիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջը թողել է առանց քննության:
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտաղրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։
Խաչատուր Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերելով` 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:
Սամվել Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման
Վարդան Սեդրակյանի պաշտպան. Դիմելու ենք ՄԻԵԴ