23/10/2013 11:15
Հակառակորդի կողմից կրակ բացելու առթիվ հարուցվել է քրգործ
Երեկ` հոկտեմբերի 22-ին Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ բացելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ քաննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նրա խոսքով` քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի (Սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) և 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերի հատկանիշներով (Սպանության փորձ երկու կամ ավելի անձանց նկատմամբ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ այդ կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք:
Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):
Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):
Դեպքի մասին համապատասխան իրազեկում կատարվել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին:
Նախորդող հրապարակում` Հակառակորդը կրակել է զինվորական մեքենաների վրա. Զինվոր է զոհվել