24/10/2013 14:34
Սուրիկ Խաչատրյանը ներկայացավ դատարան ու հեռացավ
ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացավ դատարան, հայտնեց իր անձնագրային տվյալները և հավաստեց, որ Մարտին Զիլֆուղարյանն իր կողմից լիազորվել է որպես իր ներկայացուցիչ: Նա գործում առկա անձնագրի պատճենների համարների տարբերությունը պատճառաբանեց նրանով, որ փոխել է անձնագիրը: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:
Մարտին Զիլֆուղարյանը միջնորդեց հայցադիմումում նշված հայցվորի անունը Սուրեն Խաչատրյանի փոխարեն համարել Սուրիկ Խաչատրյան: Պատասխանող Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ հայցադիմումը դատարանի վարույթ է ընդունվել օրենքով սահմանված պահանջների խախտմամբ՝ դրանում չի նշված հայցվորի հայրանունը, չհաշված այն հանգամանքը, որ հայցվորը Սուրեն Խաչատրյանն է, իսկ նրա ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանին լիազորած անձը՝ Սուրիկ Խաչատրյանը:
Ըստ ներկայացուցչի` վերոհիշյալը բավարար էր հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնելու համար: Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, որոշում ընդունեց ոչ պատշաճ փաստաթուղթը պատշաճ փաստաթղթով փոխարինելու մասին: Անճշտությունների պարզաբանումից հետո Ս.Խաչատրյանը հեռացավ դատարանից՝ վերստին լիազորելով իր ներկայացուցչին ներկայացնել իր շահերը: Հիշեցնենք, որ հայցվորը վիճարկում է 2013թ. հունիսի 12-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա և սպանել չծնված երեխային» վերտառությամբ հոդվածում տեղ գտած սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մասին հատվածները, որոնք, ըստ հայցվոր կողմի, զրպարտություն են: Հայցվորը պահանջում է իրեն պատճառված վնասի փոխհատուցում՝ 1,5 մլն դրամ չափով:
նախորդող հրապարակում` Սուրիկ Խաչատրյանը չներկայացավ՝ դատարանի աշխարհագրական դիրքի պատճառով