24/10/2013 12:36
Փաստաբան. Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ բոլոր մեղադրանքները շինծու են
«Վոլոդյա Ավետիսյանը առաջին դերակատարություն է ունեցել Քարվաճառի ազատագրման գործողությունում և մեր բոլորի համար նա Ղարաբաղի հերոս է, ուղղակի կառավարությունը նրան հերոսի կոչում չի շնորհել»,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործին, ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավար, «Խաչակիր» կազմակերպության խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանը:
Նա նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանը մայիսի 10-ից սկսեց իր ակցիան պահանջելով, որպեսզի ազատամարտիկը իր երկրում կարողանա արժանապատիվ ապրել:
«Վոլոդյան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ինքը չէր պատկերացնում, որ պետությունը և համակարգը այսքան փտած են, իսկ այս վարչախումը չի կարող լուծել ժողովրդի խնդիրները»,-ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 19-ի երեկոյան Ավետիսյանին առևանգել են տնից, քանի որ առանց ծանուցագրի մարդուն ձերբակալելը այլ բառերով չէս բնութագրի:
«Մենք մի քանի օր չէինք կարողանում ստանալ ոչ մի բացատրություն, թե ինչու են ձերբակալել Վոլոդյային: Ավետիսյանի նկատմամբ բոլոր մեղադրանքները շինծու են և հորինված»,-ասաց Գ. Սարուխանյանը:
«Վոլոդյա Ավետիսյանը անօրինական է գտնվում կալանքի տակ և մենք պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան»,-նշեց բանախոսը:
Իր հերթին, Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունից հետո նրա նկատմամբ ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել, իսկ Ավետիսյանը իրեն մեղավոր չի ճանաչել:
«Քննչական մարմինը պետք է առերեսում կազմակերպեր այն բոլոր մարդկանց հետ, ովքեր ցուցմունքներ են տվել Ավետիսյանի դեմ, սակայն դա չի արվել»,-ասաց Ա. Զաքարյանը:
Նրա խոսքով՝ վերջերս հայտարարված համաներումը նույնպես չազդեց Վոլոդյա Ավետիսյանի վրա, ինչը աբսուրդ է, սակայն համաներման ակտը պետք է ազդեր Ավետիսյանի գործի վրա:
«Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ բոլոր մեղադրանքները շինծու են և դա է պատճառը, որ քննչական մարմինը ոչ մի գործողություն չի կատարել: Ես չեմ բացառում, որ քննչական մարմինը կարող է հայտարարել, որ այն մարդիկ, որոնք ցուցմունքներ են տվել Վոլոդյայի դեմ արդեն Հայաստանի տարածքում չեն»,-նշեց փաստաբանը:
Ազատամարտիկ, «Կոռնիձոր-1» ջոկատի հիմնադիր հրամանատար Արա Խուդավերդյանը նշեց, որ Ավետիսյանը մեծ ներդրում է ունեցել ղարաբաղյան պատերազմում:
«Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալել են նուրբ տեռորով, իսկ նրան նկատմամբ բոլոր մեղադրանքները շինծու են»,-ասաց Ա. Խուդավերդյանը:
Նրա խոսքով՝ պետությունը պետք է ներողություն խնդրի և ազատ արձակի Վոլոդյա Ավետիսյանին:
Գագիկ Սարուխանյանը հայտարարեց, որ վաղը ժամը 12.00-ին դատախազին է հանձնվելու նամակ-դիմում՝ ազատամարտիկների կողմից Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակման պահանջով: