28/10/2013 13:00
«32000 մարդ աղքատության շեմից դուրս կգա թոշակների բարձրացման արդյունքում»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովին ներկայացնելով 2014-ի պետական բյուջեի նախագիծը, հայտարարեց, որ առաջին անգամ ներկայացվում է ծրագրային պետական բյուջեի նախագիծ, ինչը նոր մոտեցում է:
2014-ի բյուջեում, վարչապետի գնահատմամբ, առաջին անգամ ներկայացվում է մի բյուջե, որտեղ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը մնում է նույնը. «2013-ին այդ առումով բավականին մեծ քանակի միջոցառումներ են իրականացվել և վարչարարությունը նվազել է: Այսուհետ շեշտադրումն անելու ենք ստուգումների քանակի նվազմանը և շեշտը դնելու ենք ռիսկայի ոլորտների հայտնաբերման ու դրանք ստուգման վրա»:
Բյուջեի սոցիալական ուղղվածությունը, ինչպես ասաց Տ. Սարգսյանը, փոփոխությունների է ենթարկվել. «Այսուհետ սոցիալական քաղաքականությունն ուղղված է լինելու ոչ թե հետևանքների մեղմանը, այլ` դրանք ծնող երևույթների վերացմանը: Մենք հրաժարվում ենք ֆորմալ մոտեցումից սոցիալական օժանդակություն ցուցաբերելուց, լինելու է ինտեգրված մոտեցում»:
Միջոցներն ուղղվելու են նոր աշխատատեղերի ստեղծմանը, նպաստներ հատկացվելու են այն մարդկանց, ովքեր սոցիալապես խոցելի խմբերում են գտնվում: Նոր ծրագրեր են ներդրվելու աշխատանք փնտրողներին բացահայտելու և նրանց օժանդակություն ցուցաբերելու համար, ինչը կնշանակի, որ բյուջեի միջոցները չեն փոշիանա:
Հունվարի 1-ից թոշակները բարձրանալու են. նվազ թոշակ ստացողների մոտ, վարչապետի խոսքով, աճի տեմպը ավելի բարձր կլինի, քան` բարձր ստացողների, իսկ 93 հազար դրամ և բարձր թոշակ ստացողների համար բարձրացում չի լինելու:
«Արդյունքում 32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգան միայն թոշակների բարձրացման արդյունքում: Մենք տեսնում ենք, որ աղքատության ցուցանիշը նվազման միտում է դրսևորում, իսկ 2014-ի սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի շնորհիվ դա ավելի տեսանելի կլինի»,- մանրամասնեց նա և ավելացրեց, որ բացի թոշակների բարձրացումից նախատեսվում է նաև աշխատավարձերի բարձրացում` ուժային կառույցների աշխատողներինը հունվարի 1-ից, իսկ քաղծառայողներինը` հուլիսի 1-ից:
«Ուշադրության կենտրոնում են լինելու նաև բազմազավակ ընտանիքները, իսկ անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն կտրվի վճարել ուսման վարձերը պետական բյուջեի միջոցների հաշվին: Այս բոլոր ծրագրերի ներդրումն ու իրականացումը ենթադրում է սերտ համագործակցություն ԱԺ-ի հետ. Մենք ակնկալում ենք արդյունավետ աշխատանք»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ 2014-ի պետական բյուջեի ծախսերը, ըստ նախագծի, կազմելու է 1 տրիլիոն 244 մլրդ դրամ: