29/10/2013 18:05
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Գրիշա Վիրաբյանի բողոքը
Հոկտեմբերի 24-ին Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ոստիկանության բաժանմունքում խոշտանգումների ենթարկված Գրիշա Վիրաբյանի վճռաբեկ բողոքը: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատված էր համարել, որ Հայաստանում 2004 թ.-ին հետընտրական քաղաքական իրադարձությունների ժամանակ Գ. Վիրաբյանը ոստիկանական բաժանմունքներում ենթարկվել էր խոշտանգումների:
ՄԻԵԴ-ը «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով պարտավորեցրել էր ՀՀ-ը Վիրաբյանին վճարել 31.000 եվրո փոխհատուցում:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը նշել էր, որ 8 տարի անց նման դատավճռի ընդունումը չի կարող որպես հաղթանակ ընկալվել: «Դատավճռի համաձայն` խախտվել են արդար դատաքննության, խտրականության և խոշանգումների մասին հոդվածները: Նրան հատկացված 31 հազար եվրոյից 6000 եվրոն կրած նյութական ծախսերի համար են, իսկ 25.000-ը` որպես բարոյական վնասի փոխհատուցում: Նա ծանր վիրահատություն է տարել, բազմաթիվ վնասվածքներ ստացել, այդ պատճառով էլ սա վերապահումով պետք է կոչել հաղթանակ»,- ասել էր նա:
Նախորդող հրապարակում` Հայաստանը Գրիշա Վիրաբյանին պետք է վճարի 31 հազար եվրո