29/10/2013 15:48
Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի անդամները հյուրընկալվել են Նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի և Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի (ԲԵԱՖԱ) ղեկավարությանը՝ Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկայի գլխավորությամբ:Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Հանդիպման մասնակիցները ասոցիացիայի անդամ երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք անվանի մարզիկների հետ Հայաստան են ժամանել ս.թ. հոկտեմբերի 27-30-ը մասնակցելու Բալկանյան երկրների ասոցիացիայի կազմում ընդգրկված ֆեդերացիաների մարզական արդյունքների տարեվերջյան ամփոփմանը: Հայաստանը հիշյալ ասոցիացիայի անդամ է դարձել 2012 թվականից և հյուրերի հավաստմամբ, արդեն իսկ որոշակի առաջընթաց է արձանագրել աթլետիկայի զարգացման ուղղությամբ, ինչը հիմք է դարձել ԲԵԱՖԱ-ի տարեկան ամփոփիչ միջոցառումը Երևանում անցկացնե լու համար:
Սերժ Սարգսյանը ողջունել է տարբեր երկրներից ժամանած հյուրերին՝ ընդգծելով հատկապես երիտասարդ սերնդի համար անվանի մարզիկների հետ շփվելու կարևորությունը, մարզաձևի զարգացման ուղղությամբ նրանց կողմից իրականացվող միջոցառումները, որոնք խրախուսում են երիտասարդներին:
Հանդիպմանը Սերգեյ Բուբկան և աթլետիկայի ֆեդերացիաների ղեկավարները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Նրանք պատրաստակամություն են հայտնել Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի հետ շարունակել աջակցությունը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային՝ այդ մարզաձևի զարգացումը Հայաստանում հնարավորինս խթանելու նպատակով: Հյուրերը կարևորել և բարձր են գնահատել նաև մարզաձևի նկատմամբ Հայաստանում զգալի հոգածությունն ու ուշադրությունը, ինչը, նրանց համոզմամբ, աթլետիկայի զարգացման կարևոր գրավականներից է: