31/10/2013 12:33
Ռուսները Ժերար Դեպարդիեին տվեցին «Տարվա գաստարբայտեր» մրցանակը
Մոսկվայում կայացել է ամենամյա «Արծաթե մաշիկ» մրցանակաբաշխությունը: Այս մրցանակը ռուսները հանձնում են տարվա ամենակասկածելի ձեռքբերումներն ունեցած 7 հայտնիներին:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, «Տարվա պաշտոնյա, կամ աթոռը մնում է մարդու հետ» անվանակարգում մրցանակը հանձնվել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովին, ում, ինչպես հայտնի է, պաշտոնից հեռացրել էին պաշտպանության նախարարության գույքը վաճառելու պատճառով:
«Տարվա միմիմի» անվանակարգում «Արծաթե մաշիկ» է հանձնվել Պետդումայի պատգամավոր Ելենա Միզուլինային, որը հանդես է եկել անչափահասների շրջանում նույնասեռականության քարոզչությունն արգելող օրինագծով:
Մրցանակակիր է դարձել նաև վերջերս ՌԴ քաղաքացի դարձած, ֆրանսիացի հանարաճանաչ դերասան Ժերար Դեպարդիեն: Նրան մրցանակ են շնորհել «Տարվա գաստարբայտեր» անվանակարգում:
Մրցանակակիր է դարձել նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման. Նա համարվել է տարվա գրագողը: Ռուսները կարծում են, որ Օբամայի նախընտրական քարոզչության տեսահոլովակի գաղափարը գողացել են էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից:
«Տարվա անհանդուրժողականություն» մրցանակն ստացել են Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, լրագրող Ուլյանա Սկոյբեդան և հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսիլյովը: Վերջինս մի առիթով կոչ էր արել այրել նույնասեռականների սրտերը: