31/10/2013 11:43
ՄԻՊ գրասենյակին կհատկացվի 213 մլն դրամ. Պաշտպանը դժգոհ է
2014-ի պետբյուջեից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին նախատեսվում է հատկացնել 213 մլն դրամ, որից, սակայն, գոհ չէ Պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Կ. անդրեասյանը խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ բացատրեց իր դժգոհության պատճառը` նշելով, թե ՄԻՊ գրասենյակը դեռ նախորդ տարի հայտարարել էր, որ հրաժարվում է դրամաշնորհային ծրագրերից, որպեսզի միջազգային կառույցներից անկախ գործի, փոխարենը, սակայն, պետք է ֆինանսավորվի պետբյուջեից` անկախ գործելով նաև պետությունից:
«Գրասենյակը 244 մլն դրամ ստանալու համար բյուջետային հայտ էր ներկայացրել, սակայն այսօրվա դրությամբ բյուջեի նախագծում բավարարված է միայն 213 մլն դրամը: Մեզ չեն տալիս 31 մլն դրամը, որը մենք լրացնելու էինք դրամաշնորհների հաշվին»,- ասաց ՄԻՊ-ը և մանրամասնեց, թե ինչի համար է անհրաժեշտ նշյալ գումարը. 15 միլիոնը մարզային 6 գրասենյակից 3 գրասենյակի համար էր, իսկ 10 միլիոնը` արագ արձագանքման. «Եթե այդ 31 մլն դրամը վերջնական մերժվի, ապա հունվարի 1-ից այևս չի գործի արագ արձագանքման խումբը»:
Շարունակելով խոսքը` Պաշտպանը նշեց, որ արագ արձագանքման խումբը նախորդ տարի 1025 ահազանգի է պատասխանել, այն գործել է երթերի, ցույցերի ժամանակ բռնությունների կիրառման դեպքերում, զորամասերում և այլ փակ հաստատություններում. «Եվ՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից այս ծառայությունը դրական է գնահատվել, և ցավալի կլինի, որ 10 մլն դրամ չունենալու պատճառով զրկվենք դրանից»: