01/11/2013 15:40
Վրաստանը ՀՀ կվերադարձնի 500 տ. «վարակված» կարտոֆիլ. Վրացական կողմը ստում է
Վրաստանը Հայաստանին կվերադարձնի ավելի քան 470 հազար կգ կարտոֆիլ: Վրաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության ծառայության համաձայն՝ նախնական զննման ժամանակ Սադախլո կայարանում հայտնաբերվել է վնասակար միկրոօրգանիզմով Ralstonia solanacearum գորշ փտում և Synchytrium endobioticum (Schilb) Perc կարտոֆիլի քաղցկեղ վարակները:
Կարտոֆիլից նմուշներ են ուղարկվել լաբորատորիա, որտեղ վարակված լինելու փաստը հաստատվել է: Հետազոտության ժամանակ պարզվել է, որ փտախտով վարակված է 114 500 կգ կարտոֆիլ, իսկ մնացած 356 200 կգ-ն դեռևս գտնվում է ուսումնասիրման փուլում:
Վարակված կարտոֆիլը, ըստ Վրաստանի կառավարության որոշմամբ, կվերադրաձվի արտահանող երկիր` Հայաստան: Վարակված կարտոֆիլը Հայաստանից Վարստան է արտահանվել հոկտեմբերի 27-ից 31-ի ընթացքում: Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն:
Պարզաբանումների համար Aysor.am-ը դիմեց Սննդի անվտանգության պետական ծառայություն:
«Հայաստանում սահմանային անցակետերում հսկողություն կատարվել է, կարտոֆիլի վրա որևէ կասկածելի օրգանիզմ չի հայտնաբերվել»,- Aysor.am-ին վստահեցրեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը` պատասխանելով վրացական կողմի փաստարկներին:
Նա նաև կասկածելի համարեց այն այն, որ հաղորդագրության մեջ նշվում է, որ կարտոֆիլը լաբորատոր փորձաքննության է ենթարկվել. Այդ տեղեկատվությունը չի համապատասախնում իրականությանը:
Իսկ թե որտեղի՞ց ՍԱՊԾ-ին նման տեղեկություն, Ա. Սուքիասյանը բացատրեց, որ կարտոֆիլի զննմանը ներկա են եղել պաշտոնայներ, ովքեր արտաքին զննմամբ ստուգելուց ասել են. «Սա լավը չի»:
Իսկ թե միտումնավո՞ր է Վրաստանի նման պահվածքը հարցին, ՍԱՊԾ աշխատակիցը պատասխանեց, որ այս պահին ոչինչ չեն կարող ո՛չ հաստատել, ո՛չ ժխտել. շուտով ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանը կմեկնի Վրաստան` իր վրացի պաշտոնակցի հետ քննարկելու խնդիրը:
Արմինե Սուքիասյանը նաև փոխանցեց, որ կարտոֆիլի քաղցկեղի դեպք արձանագրվել է Գեղարքունիքի մարզի Կարասնոսելսկ գյուղում, որտեղից կարտոֆիլ չի արտահանվել Վրաստան:
Նշենք, որ այս և նախորդ տարի Հայաստանում գորշ փտախտ վարակ չի հայտնաբերվել: