05/11/2013 09:12
Երկար ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀԱԿ խմբակցության նիստին
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության՝ երեկ տեղի ունեցած արտահերթ նիստին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, որը տևական ժամանակ, ըստ էության, խզել էր իր կապերը գործընկերների հետ: Արտահերթ նիստում քննարկվել է խորհրդարանական միջազգային պատվիրակություններում ՀԱԿ ներկայացուցիչների վերանշանակման հարցը, քանի որ Հովիկ Աբրահամյանի կարգադրությունից հետո խմբակցությունները պետք է նորից առաջադրումներ անեն:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀԱԿ-ում որոշել են այդ պատվիրակություններում իրենց ներկայացուցիչներին չփոխել և առաջադրել նաև խմբակցության հետ, ըստ էության, իրենց կապերը խզած Նիկոլ Փաշինյանի ու Հրանտ Բագրատյանի թեկնածությունները: Եվ երեկվա արտահերթ նիստը հրավիրվել է նրանց համաձայնությունը ստանալու համար: Բագրատյանը ՀՀ-ում չլինելու պատճառով չի մասնակցել նիստին, իսկ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը:
Թերթի տեղեկություններով՝ նիստի ժամանակ Փաշինյանի ու ՀԱԿ մյուս պատգամավորների միջև չի եղել վերջին ամիսներին նկատվող սառնությունը: Չի բացառվում, որ Փաշինյանը նորից սկսի մասնակցել ՀԱԿ նիստերին. այդ թեմայով եղել են փոխադարձ ակնարկներ: