06/11/2013 11:00
Շանթ Հարությունյանը Երևանի ձերբակալվածների պահման վայրում է
Շանթ Հարությունյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Նա նշեց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով չի ցանկանում այլ մանրամասներ հաղորդել, օրինակ` կա՞ն արդյոք հետախուզվողներ, սակայն այս պահին ձերբակալված է մոտ 20 մարդ:
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, թե Շանթ Հարությունյանի իրականացրած հեղափոխությունից հետո 37 մարդ հայտնվեց ոստիկանությունում, նրանց մի մասը հայտնի չէ, թե երբ ազատության մեջ կլինեն, բայց հեղափոխական իրավիճակը կատարյալ էր: Իրեն՝ հեղափոխության «առաջնորդին», ասում էին, որ տարել են ոչ թե ոստիկանություն, այլ՝ հոգեբուժարան: Այսօր կփորձենք պարզել նրա գտնվելու վայրը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Ոստիկանության հաղորդմամբ` երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Կան տուժած ոստիկաններ:
Նախորդող հրապարակում` Նավակ ճոճող. Մի քիչ սխալ ինֆորմացիա էր տարածվել, որ ինձ կալանավորվել են