06/11/2013 15:00
Ռուսական կողմը վարկ կտրամադրի Հայաստանի ատոմակայանի վերազինման համար
Մեր ատոմակայանը տարիների ընթացքում վերազինվել է և համապատասխանում է անվտանգության միջազգային բոլոր չափորոշիչներին: Այս մասին այսօր Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդիի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց խորհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանը:
«Պետք է ասեմ, որ մենք կանգ չենք առնելու և հետագայում ևս աշխատանքներ են տարվելու ատոմակայանի անվտանգությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,- ասաց Վահրամ Պետրոսյանը:
Նախագահին կից խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գերմանացի Ադոլֆ Բիրկհոֆերն էլ նշեց, որ իրենք տպավորված են այն հանգամանքով, որ Հայկական ատոմակայանը ինտեգրվել է աշխարհի միջուկային օբյեկտների ցանցին: Բիրկհոֆերի խոսքով` հատկապես կարևոր է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը.
«Հայկական ատոմակայանի նման ատոմակայանների կյանքը երկարաձգվել է Ռուսաստանում, Ֆինլյանդիայում գոյություն ունեցող նմանատիպ ատոմակայաններում: Այսինքն կա նմանատիպ փորձ»,- ասաց Ադոլֆ Բիրկհոֆերն:
Իր հերթին Վահրամ Պետրոսյանն էլ տեղեկացրեց, որ նախնական պայմանավորվածության համաձայն ռուսական կողմը տրմադրելու է վարկ` հայկական ատոմակայանը վերազինելու համար.
«Չեմ կարող նշել կոնկրետ գումարի չափ, քանի որ քննարկումները դեռ ընթանում են, բայց պիտի ասեմ, որ այդ վարկը տրամադրվելու է բավականին մեղմ պայմաններով»,- ասաց Վահրամ Պետրոսյանը: