07/11/2013 14:59
Իրանն ու Հայաստանը քննարկում են Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորման հարցը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը և Իրանի արտահանման զարգացման բանկի (Սադերաթ բանկ) գործադիր տնօրենը քննարկել են համատեղ էներգետիկ նախագծերը ֆինանսավորելու հարցերը: Այս մասին հաղորդում է իրանական «փուլնյուզ.իռ» կայքը:
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ցանկություն է հայտնել, որպեսզի երկկողմ համագործակցությունը ընդլայնվի և Իրանի արտահանման զարգացման բանկը շարունակի ֆինանսավորել էներգետիկ ոլորտում կատարվող աշխատանքները, մասնավորապես՝ հիդրոէլեկտրակայանի կառուցումը:
Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 4-ին մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի էլեկտրաէներգետիկայի և ջրի միջազգային ցուցահանդեսների բացմանը:
ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով էներգետիկայի ոլորում Իրանի և Հայաստանի միջև առկա համագործակցությանը, մասնավորապես նշել է. «Իրանը էներգետիկայի ոլորտում Հայաստանի հետ լայն համագործակցություն է ծավալում: Մեր երկիրը գազ է արտահանում Հայաստան և փոխարենը՝ էլեկտրաէներգիա է ստանում: Մեր էներգետիկ պաշարների ավելացման պարագայում հնարավորություն կա, որպեսզի ապագայում Իրանի էլեկտրաէներգիա մատակարարող ցանցը Հայաստանի և Վրաստանի միջոցով կապվի Ռուսաստանին, ուստի ներկայում ընթացող աշխատանքները նման հնարավորություն ընձեռում են»:
Ավելի վաղ Իրանի գազի ազգային ընկերությունը հայտարարել էր, որ 2007-2012թթ. Իրանը Հայաստանի էլեկտրաէներգիայի դիմաց 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ է տրամադրել: