07/11/2013 16:52
Ոստիկանապետն իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր. Ոստիկանապետ
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Ազատության» հետ զրույցում հերքել է, թե ինքը և իր տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են գործադրել Մաշտոցի պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված Շանթ Հարությունյանի և ազատամարտիկ Վարդան Վարդանյանի նկատմամբ:
«Տրամաբանության բացակայություն եմ տեսնում: Նախ և առաջ, հազարից ավել մարդ կար էնտեղ՝ Ոստիկանության Կենտրոնականի բաժնի շենքում, երկրորդը՝ եթե էս երկու տարիների ընթացքում նման դեպք է եղել, ուրեմն՝ սա էլ կարող է իրականությանը համապատասխանել», - հայտարարել է Գասպարյանը՝ շարունակելով. - «Իհարկե, չի եղել և չէր կարող լինել նման դեպք: Հանձնաժողով, մեկուսարան ընդունել, բոլոր տեղերը ամեն ինչ ֆիքսվում է»:
«Սա նույնպես հիվանդ երևակայության արդյունքն էր: Ի՞նչ եք պատկերացնում հետո. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր: Որտե՞ղ է տրամաբանությունը: Բացի դրանից՝ էնտեղ եղել են պատգամավորներ և այլն»,- ասաց ոստիկանապետը:
Դիտարկմանը, թե Շանթ Հարությունյանը նախքան երթը հայտարարել էր, որ իրենք զինված են բենզինի շշերով, քարով, փայտով և այլ իրերով, իսկ ոստիկանությունն, իր հերթին, հաղորդագրություն էր տարածել, որ Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում, և հարցին, թե այդ ամենը հաշվի առնելով, հնարավոր չէր նախապես կանխել բախումը, Վլադիրմիր Գասպարյանն արձագանքել է. -«Հայտարարվեց և կանխվեց: Եթե մտածում եք, որ հենց այդ պահին հայտարարվում է և ձեռնաշղթաները հագցնում են և տանում են, դուք սխալվում եք: Հայտարարվեց և կանխվեց միջադեպը: Մեր տեսադաշտում են եղել ամբողջ գործողությունները, և ոստիկանությունը գործել է ըստ մշակված ծրագրի»:
«Ոստիկանները ոչ իրավաչափ չեն գործել»,- հայտարարեց ոստիկանապետը` շարունակելով. - «Դուք նկատեցի՞ք, որ ոստիկանները նույնիսկ ռետինե մահակներ չունեին: Դատարկ ձեռքերով կանգնած էին»:
Գնահատելով կատարվածը` Վլադիմիր Գասպարյանն ասել է.- «Քրեական հանցագործություն է, ոչ մի քաղաքական բան: Ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը: Եթե մեր հասարակությունը հիվանդ է այն աստիճան, որ Շանթի դատարկախոսությունները և այս մի քանի քրեական տարրերի արած գործողությունները հեղափոխություն է որակում, վայ մեր հասարակությանը»:
Ոստիկանապետի խոսքով, միջադեպի հետևանքով, բացի իրավապահներից, ոչ ոք չի տուժել:
Նա նաև չի բացառել, որ ձերբակալվածների թիվն ավելանա:
Նախորդող հրապարակումներ` Ստացվում է, որ ո՛չ ոք խնդիր չունի, Նիկոլ Փաշինյանից բացի. Ոստիկանություն
«Վլադիմիր Գասպարյանը բռնություն է գործադրել Շանթ Հարությունյանի նկատմամբ»
ՄԻՊ խորհրդականը այցելել է Շանթ Հարությունյանին. Բռնության հետքեր չեն եղել