08/11/2013 14:53
Վրաստանում ստուգված կարտոֆիլը հայկական բեռից չէ. Ինչո՞ւ ՍԱՊԾ-ն չի բողոքում
«Վրաստանի լաբորատորիայում ստուգման ենթարկված կարտոֆիլը հայկական բեռից չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Սննդի անվտանգության պետական ծառայության Բուժասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը:
Նա նաև փոխանցեց, որ ՍԱՊԾ պետի հետ մեկնել են Վրաստան` վրացական կողմի պատասխանատուների հետ բուսասանիտարական խնդիրները լուծելու համար. համաձայնություն են ձեռք բերել այսուհետ համատեղ կատարել լաբորատոր փորձաքննությունները, թեև մինչև այդ էլ, բանախոսի փոխանցմամբ, հայկական կողմից նման առաջարկություն եղել էր, սակայն Վրաստանն դրական չէր արձագանքել:
Նա նաև վստահեցրեց, որ վրացական կողմը զինված է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով, մի բան, որով հայկական կողմը չի կարող հպարտանալ, իսկ թե քանի տարվա հնության են հայակական լաբորատոր սարքավորւոմները, Ա. Նիկոյանը չկոնկրետացրեց:
Aysor.am-ի հարցին` ինչո՞ւ հայկական կողմը չի բողոքում, որպեսզի պաշտպանի հայկական կարտոֆիլի հեղինակությունը, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը Առևտրի միջազգային կազմակերպության անդամներ են և ՀՀ-ն նման իրավունք ունի, պարզվեց ՍԱՊԾ-ն ավելի լոյալ է տրամադրված, քան ԱՀԿ-ն և փորձում է բանակցությունների միջոցով խնդիրները հարթել, ոչ թե պաշտպանել հայկական կարտոֆիլի հեղինակությունը:
Նշենք, որ շուրջ 500 տոննա կարտոֆիլի կարանտին վարակվածության վերաբերյալ տեղեկատվությունը շրջանառվեց ոչ միայն հայկական, այլև վրացական, ռուսական, նաև ադրբեջանական լրատվամիջոցներով:
Հավելենք նաև, որ ավելի վաղ ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը Aysor.am-ին հայտնել էր, որ ՍԱՊԾ տեղեկություններով հայկական կարտոֆիլն ընդհանրապես լաբորատոր փորձաքննության չէր ենթարկվել:
Նախորդող հրապարակում` Վրաստանը ՀՀ կվերադարձնի 500 տ. «վարակված» կարտոֆիլ. Վրացական կողմը ստում է