08/11/2013 11:50
«Մաքսային Միությանը անդամակցելու որոշումը պայմանավորված էր Արցախով»
«Հայաստանը Մաքսային Միությանը անդամակցելու քաղաքական որոշումը կայացրել է` ղարաբաղյան հարցի հետ պայմանավորված: Հայկական կողմը այդ որոշումից կստանա ռազմաքաղաքական դիվիդենտներ և կշարունակվի այն ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ-ի հետ, որը հիմա կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը` ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նա նշեց, որ այն սպառազինությունները, որ ադրբեջանական կողմը միլիարդավոր դոլարներով գնում է, հայկական կողմը էժան գներով կամ գրեթե անվճար է ստանում Ռուսաստանից:
«Կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում Ղարաբաղում ռազմական գործողություններ տեղի չեն ունենա»,- կանխատեսեց քաղաքագետը:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Հայաստան` քաղաքագետը նշեց, որ հայկական կողմը չէր ցանկանա, որ Պուտինի այցը տեղի ունենար մինչև Վիլնյուսյան գագաթաժողովը, քանի որ այն կարևոր է նաև ռուսական կողմի համար:
«Հայաստանը շարունակելու է իր կոմպլեմենտար քաղաքականությունը և կզարգացնի հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ»,- նշեց քաղաքագետը: