09/11/2013 13:28
Ռ. Յարալյան. Ադրբեջանի վարչակազմը սարսափում է թալիշների և Իրանի շփումներից
Իրանա-ադրբեջանական սահմանին վերջերս կրակոցներ են հնչել, ինչից հետո իրանական կողմը նախազգուշացրել է Ադրբեջանին, որ այդպիսի քայլերը համարժեք պատասխանի կարժանան: Այդ միջադեպից հետո Իրանը փակել է Ջուլֆայի անցակետը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրանա-ադրեջանական սահմանին վերջերս գրանցված սահմանային միջադեպին և ադրբեջանա-իրանական հարաբերություններին` ասաց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:
Նա նշեց, որ իրանական կողմին այս պահին պետք չէր իրանա-ադրբեջանական սահմանի փակումը:
«Սահմանային այս միջադեպը ձեռնտու էր ավելի շատ Ադրբեջանին, որը ցանկանում է դժվարացնել շփումները իրանա-ադրբեջանական սահմանին՝ հատկապես թալիշների շփումները Իրանի հետ»,- նշեց իրանագետը:
Բանախոսը նշեց, որ թալիշների շփումները Իրանի հետ խուճապ է առաջացնում Ադրբեջանի վարկակազմի շրջանում:
Ռ. Յարալյանը նշեց, որ Ադրբեջանը` իր սադրանքներով, ցույց է տալիս, որ շարունակում է լինել հակաիրանական հենակետ` Հարավային Կովկասում, որի վրա հակաիրանական ուժերը կարող են հույս դնել:
Փորձագետի խոսքով` սահմանային այդ միջադեպից հետո իրանա-ադրբեջանական առանց այդ էլ լարված հարաբերությունները ավելի կլարվեն: