12/11/2013 14:51
Մերլին Մոնրոյի հղիության մասին վկայող փաստաթուղթը վաճառվել է 25 հզր դոլարով
Մերլին Մոնրոյի պլաստիկ վիրահատության փաստաթղթերը վաճառվել են 25 հազար դոլարով: Աճուրդը կայացել է նոյեմբերի 10-ին: Գնորդի անունը գաղտնի է պահվում:
Փաստաթղթերում առկա են ռենտգենյան լուսանկարներ ու բժիշկների նշումներ, ովքեր աշխատել են աստղի հետ: Փաստաթղթերը թվագրված են 1950 թվականով:
Ըստ տեղեկատվության՝ դրանք կզակի ու քթի պլաստիկ վիրահատության մասին վկայող թղթեր են:
Դրանցից մեկը վկայում է այն մասին, որ դերասանուհին 1957 թվականի արգանդից դուրս հղիություն է ունեցել:
Փաստաթղթերը աճուրդի հանող անձը ևս չի ցանկացել հրապարակել իր անունը, սակայն հայտնի է, որ դրանք նվեր է ստացել Մոնրոյի բժիշկ Մայքլ Գուրդինայից:
Ըստ բժշկի՝ 1950-թվականին դերասանուհին փոխել է կզակի ձևը:
Մոնրոյի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերը՝ «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ», «Ջազում միայն աղջիկներն են» և այլն, նկարահանվել են 1950 թվականից հետո:
Նշենք, որ օրերս կայացած աճուրդում վաճառքի են հանվել նաև այլ հայտնիների անձնական իրեր: Մասնավորապես, արքայադուստր Դիանայի զգեստը, որը վաճառվել է 75 հազար դոլարով:
Նշենք, որ սեպտեմբերին 41 հազար դոլարով վաճառվեց Մոնրոյի մահվանից ընդամենը վեց շաբաթ առաջ արված լուսանկարների շարքը: