13/11/2013 15:41
Երևանում բացվել է ևս մեկ շախմատի դպրոց
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանի թիվ 185 հիմնական դպրոցին կից հիմնված շախմատի նոր դպրոցի հանդիսավոր բացմանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լրատվության բաժինը:
Աջափնյակ վարչական շրջանի մարզադպրոցում գործող շախմատի խմբակների 90 սաներն այսուհետ մարզիչների հետ ուսումը կշարունակեն այստեղ: Արդեն հերթագրված ևս 200 երեխաներ շուտով կդառնան այս դպրոցի սաները: Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է դպրոցի շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել երեխաների հետ:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցության շնորհիվ շախմատի դպրոցներ կհիմնվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում, ինչն իր հերթին կնպաստի մայրաքաղաքում այս մարզաձևի զարգացմանը.
«Մենք արդեն 4 վարչական շրջաններում ունենք շախմատի դպրոցներ, որոնցում երեխաների և մարզիչների համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները` մարզումներն անցկացնելու և ապագա չեմպիոններ դաստիարակելու համար: Հաջորդ տարիներին ևս ծրագիրը լինելու է շարունակական և, ըստ այդմ, շախմատի դպրոցներ կունենան Երևանի բոլոր վարչական շրջանները: Ընդհանուր առմամբ, 12 վարչական շրջաններում, երբ ունենանք նմանատիպ դպրոցներ, շուրջ 3000 երեխաներ հնարավորություն կունենան անվճար տիրապետելու այս մարզաձևին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, շնորհակալություն հայտնելով ծրագիրն իրագործելու համար, նշել է, որ մայրաքաղաքում շախմատի դպրոցներ ունենալու քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունն իսկապես ծառայում է նպատակին.
«Փոքրիկներն այսօր հիանալի պայմաններ ունեն իրենց սիրելի խաղը սովորելու և զարգացնելու համար: Իրականում` Հայաստանը դառնում է շախմատային իրական առաջատար երկիր, ու եթե մենք խնդիրներ ունեինք Երևանում, ապա հիմա դրանք ևս լուծվում են: Վստահ եմ, որ քաղաքապետի հետ միասին կկարողանանք այդ լավ, բարի գործը կատարել», - նշել է Սմբատ Լպուտյանը:
Մայրաքաղաքում հիմնվող շախմատի դպրոցները գործում են անվճար: Կրթօջախներն ամբողջությամբ կահավորված են համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով: Պատասխանատուները վստահեցրել են, որ դպրոցի բացումով զգալիորեն կավելանա նաև շախմատասեր մանուկների և պատանիների թիվը: