14/11/2013 14:31
Հայաստանի գլխավոր կոմունիստը հրաժարական է տվել. Պատճառներն անձնական են
Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը հրաժարական է տվել: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանի գլխավոր կոմունիստը:
«Դեռ նոյեմբերի 1-ին ՀԿԿ Կոնտկոմի բյուրոյի պլենումի ժամանակ ես ներկայացրեցի հրաժարականի դիմումումս, սակայն պլենումն այն միաձայն ընդունեց: Ես շարունակեցի ղեկավարել ՀԿԿ-ն, սակայն վերջին պլեենումի ժամանակ դարձյալ հրաժարական ներկայացրեցի, որն էլ մեծ դժգոհությամբ, բայց` ընդունվեց կուսակիցներիս կողմից»,- ասաց Ռուբեն Թոմվասյանը:
Որպես հրաժարականի պատճառ՝ Ռուբեն Թովմասյանը նշեց իր տարիքն ու անձնական մի քանի պատճառներ.
«Նոյեմբերի 20-ից հետո պլենումը կընտրի ՀԿԿ նոր ղեկավարին, իսկ մինչ այդ կուսակցությունը ղեկավարում է Կենտկոմի երկրորդ քարտուղարը»,- ասաց Ռուբեն Թովմասյանը:
«Պարոն Թովմասյան, ի՞նչ կասեք, եթե ամփոփեք ձեր գործունեության 10 տարիները: Հատկապես, որ կուսակցությունը մեծ դժգոհությամբ է ընդունել ձեր հրաժարականը»,- հետաքրքրվեցինք Ռուբեն Թովմասյանից:
«Ես հպարտ եմ: Հպարտ եմ, որ կոմունիստ եմ: Հպարտ եմ, որ 10 տարի ղեկավարել եմ այս կուսակցությունը: Հպարտ եմ, որ այս 10 տարիներից հետո նոր սերունդներին թողնում եմ հարուստ փորձ»,- ասաց Ռուբեն Թովմասյանը: