14/11/2013 16:30
Քաոսային վիճակ՝ Ֆիլիպիններում. «Օդում զգացվում է քայքայվող մարմինների հոտը»
Ֆիլիպիններում թայֆունից տուժած բնակիչներն ասում են, որ փլատակների տակ տասնյակ մարդիկ կան, «օդում զգացվում է քայքայվող մարմինների հոտը»:
Ֆիլիպիններում իրավիճակն օրեցօր վատանում է: Մարդիկ մնացել են անօթևան:
Որոշ երկրների իշխանություններ բնակիչներին կոչ են անում զերծ մնալ Ֆիլիպիններ այցելելուց: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ առանց ուտելիքի ու ջրի մնացած ֆիլիպինցիներին այլ քայլ չի մնում, քան թալանել խանութներ ու տներ:
NTV-ի թղթակիցը հաղորդել է, որ գրեթե ամբողջությամբ ավերված Տակլոբանում զորք են մտցրել, սակայն նույնիսկ նրանք չեն կարող իրվիճակը վերահսկողության տակ պահել:
Երեկ մահացածների ցուցակում 300 անուն է ավելացել, ըստ պաշտոնական տվյալների, բնական աղետին զոհ է գնացել 2-2,5 հազար մարդ: Փլատակների տակ շարունակում են մնալ բազմաթիվ մահացածների դիեր:
«Մենք այլևս տուն չունենք: Ահավոր հոտ է: Ամենուր մահացածների մարմիններ են, նրանց ոչ ոք չի տանում: Բանտարկյալները փախել են բանտերից, թալանում ու բռնաբարում են: Այստեղ շատ դժվար է»,-ասել է բնակիչներից մեկը:
Տակլոբանի օդանավակայանը չի վերականգնվել, սակայն այստեղ վայրէջք են կատարում աշխարհի գրեթե բոլոր երկրներից ժամանած փրկարարներն ու զինծառայողները՝ իրենց հետ բերելով հումանիտար օգնություն:
Տակլոբանում մարդիկ ապրում են մահվան եզրին, քաղաքում չկա սնունդ ու ջուր: