16/11/2013 13:30
Պլասիդո Դոմինգո կրտսերը ելույթ կունենա Երևանում և Արցախում
Այսօր Երևան է ժամանել հայտնի երգիչ, կոմպոզիտոր Պլասիդո Դոմինգո կրտսերը: Նոյեմբերի 17-ին նա ելույթ կունենա Ստեփանակերտում, որտեղ կկատարի նաև Շառլ Ազնավուրի երգերից, նոյեմբերի 21-ին ելույթ կունենա Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, իսկ նոյեմբերի 22-ին՝ Մեցցո ակումբում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ թեև առաջին անգամ է Հայաստանում, սակայն արդեն իսկ տպավորված է Երևանով: Երևանում համերգի ժամանակ նա կատարելու է տարբեր երաժշտական ոճերի երգեր` ջազ, արգենտինական տանգո և այլն:
«Երաժշտությունը այն միջազգային լեզուն է, որը պետք է հասկանաս հոգով, իսկ հանդիսատեսը կարող է կործանել կամ արարել երգչին»,-ասաց նա:
Հարցին` ի՞նչ է մտածում Ադրբեջանի «սև» ցուցակի մասին, որում ներառված է նաև ինքը, կատակով ասաց, որ պատրաստ է գիշերել անգամ այնտեղ, եթե ծխախոտ և սուրճ ունենա, միայն թե հաջորդ օրն իրեն չգնդակահարեն: Նրա խոսքով` միայն 2 տարի առաջ է սկսել երգել և չի կարող համեմատվել իր հոր հետ, ով ունի կեսդարյա ստեղծագործական կենսագրություն, և հենց ինքն է նրան հարցրել «ինչո՞ւ չես երգում, այնպես, ինչպես կասեր, թե ինչու տաբատ չես հագել»:
Պլասիդո Դոմինգո կրտսերը նշեց, որ իր հայրը Հայաստանից շատ տպավորված է հեռացել: