18/11/2013 14:43
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը կալանավորվել է. pastinfo.am
«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը կալանավորվել է։ «Փաստինֆոի» ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ երկու ամիս ժամկետով։ Նա մեղադրվում է ինչպես աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, այնպես էլ` դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման գործով։
Մ.Մարտիրոսյանին խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանք առաջադրվել էր դեռևս սեպտեմբերին։ Կաշառքի միջնորդի դերում, մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, հանդես է եկել Դատական դեպարտամենտի կադրերի վարչության նախկին պետ Անգին Իսախանյանը, ով աշխատանքից ազատվել է 2013 թվականի հուլիսին։ Այս դրվագով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Ընդ որում, հիշեցնենք, որ հենց այս գործով քննիչը սեպտեմբերի 26-ին որոշում էր կայացրել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին և Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից:
Երկրորդ քրեական գործը վերաբերում է արդեն դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման բացահայտված դեպքերին, որի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին, վերջինիս տեղակալ Գագիկ Խաչատրյանին, իսկ մյուս տեղակալի` Գեղամ Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նյութի մանրամասներն` այստեղ: