19/11/2013 11:52
Արդարադատության փոխնախարարն ազատվել է աշխատանքից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Մելիքյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
Իսկ ահա ՀՀ արդարադատության նախարարության կայքի փոխանցմամբ` Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը գաղտնի քվեարկությամբ ակադեմիայի ռեկտոր է ընտրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանին:
«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ կետի համաձայն Ռեկտորն ընտրվում է Խորհրդի կողմից բաց մրցույթի կարգով՝ գաղտնի քվեարկությամբ, Խորհրդի անդամների առնվազն հինգ ձայնով ընդունված որոշմամբ: Եթե Խորհուրդը Ռեկտորի պաշտոնի համար թեկնածուների հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացված հայտերի թվից չի ընտրում Ռեկտոր, ապա Ռեկտորին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը ` հայտ ներկայացրած թեկնածուների թվից: