19/11/2013 20:47
Նախագահ Սարգսյանն հանդիպել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ
Ավստրիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Նախագահ Հայնց Ֆիշերի հետ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:
Քննարկվել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին և այդ համատեքստում այսօր Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանը և Հայնց Ֆիշերը գոհունակությամբ են արձանագրել, որ քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ ունեցող երկու բարեկամ երկրների միջև ձևավորված առևտրատնտեսական համագործակցությունը, մշակութային, կրթական կապերը զարգացման ներուժ ունեն: Այդ ներուժի լիարժեք օգտագործման համար զրուցակիցները կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունները, գործարարների միջև ակտիվ շփումներն ու գործարար համաժողովների անցկացումը, ինչպես նաև հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է անցյալ տարի կայացած Ավստրիայի Նախագահի պաշտոնական այցը Հայաստան, որը, նրա խոսքով, մեծ խթան հանդիսացավ երկու երկրների և ժողովուրդների բարեկամության հետագա խորացման ու ամրապնդման համար:
Հանդիպման ավարտին Նախագահ Հայնց Ֆիշերը վերահաստատել է 2014թ. Ավստրիա այցելելու Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հրավերը, որը ՀՀ Նախագահը սիրով ընդունել է: