19/11/2013 13:14
«ՄՄ անդամակցությունը կնպաստի Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը»
«Հայաստանը պետք է ակտիվորեն ներգրավվի Մաքսային միության տնտեսական կառույցների մեջ, ինչը կնպաստի ապրանքների, աշխատուժի անխափան տեղաշարժին դեպի Ռուսաստան, Ղազախստան և Բելառուս»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդռադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու դեպքում հայկական փոքր և միջին բիզնեսի սպասելիքներին, ասաց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա նշեց, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կնպաստի հայկական փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քանի որ կհեշտանա հայրենական արտադրանքի արտահանումը դեպի Մաքսային միության երկրներ:
«Մաքսային միության երկրներին մենք արտահանում ենք պատրաստի արտադրանք, այն դեպքում, երբ ԵՄ ենք արտահանում հիմնականում հումք»,- նշեց Վ. Սաֆարյանը:
Վ. Սաֆարյանը նշեց, որ եվրոպական երկրներում փոքր և միջին բիզնեսը կազմում է տնտեսության 70-80 %, ինչն էլ դրականորեն է անդրադառնում քաղաքացիական հասարակության զարգացմանը այդ երկրներում:
«Հայաստանի փոքր և միջին բիզնեսը դեռևս այնքան էլ զարգացած չէ, քանի որ ՓՄՁ-ների համար պետք է նոր արտոնություններ սահմանվեն, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կարողանա զարգանալ»,- նշեց Վ. Սաֆարյանը:
Նրա խոսքով` Հայաստանը և Ռուսաստանը ունեն ընդհանուր տնտեսական շահեր, ինչն էլ կնպաստի փոքր և միջին բիզնեսի միջև համագործակցության զարգացմանը:
Վ. Սաֆարյանը նշեց, որ Ռուսաստանը ունի էներգետիկ, հումքային մեծ պաշարներ, սակայն Ռուսաստանը ունի տնտեսության գիտատեխնիկական վերազինման կարիք և Հայաստանը այդ գործում կարող է օգնել իր գործընկերոջը:
Նախորդող հրապարակում՝ Վազգեն Սաֆարյան. Հայաստանը կօգտվի Մաքսային միության 160 միլիոնանոց շուկայից