20/11/2013 21:04
Օրենքի զոհերը. Մատաղիսի գործ. Ցմահ ազատազրկումից` մինչև արդարացում
Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել: Վերջին շրջանում հայ իրականության ամենաաղմկահարույց գործերից մեկը «Մատաղիսի գործն» էր: Զինվորները դատվում էին զինվորի սպանության համար:
2005 թ.-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը երկու զինծառայողների սպանության մեջ մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: Ամբաստանյալները բողոքարկել էին դատավճիռը: Զինվորական դատախազությունը ևս բողոքարկել էր դատավճիռը` միջնորդելով նրանց դատապարտել ցմահ ազատազրկման: 2006 թ.-ի մայիսին ՀՀ քրեական և զինվորական գործերով Վերաքննիչ դատարանը նրանց դատապարտել էր ցմահ ազատազրկման:
Սպանված զինծառայողներից Հովսեփ Մկրտումյանի հայրը Վճռաբեկ բողոք էր ներկայացրել` պնդելով, որ համաձայն չէ այն վարկածին, որ իր որդին սպանվել է 2003 թվականի դեկտեմբերի 24-ին, իսկ իրական հանցագործներն ազատության մեջ են: Ըստ սպանված զինվորի հոր՝ ազատազրկման ենթարկված երիտասարդները անմեղ էին:
ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել էր Վերաքննիչ դատավճիռը՝ գործն ուղարկելով նոր քննության: 2012 թ. դեկտեմբերի 18-ին Հյուսիսային քրեական դատարանը արդարացրեց Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին:
Ինը երկար տարիներ տևած նախաքննությունից ու դատաքննությունից հետո, որը չկարողացավ տալ գլխավոր հարցերի պատասխանը, «Մատաղիսի» գործով նոր քննություն է կատարվում:
Դատարանի վճռով արդարացված Արայիկ Զալյանը այժմ իրավապաշտպան է, նրա խոսքով, երիտասարդ տարիքում պետք է մարդուն հնարավորություն տալ:
«Տարիքը ցմահ ազատազրկման որոշում կայացնելիս պետք է հաշվի առնվի: Ես ցմահ ազատազրկման դատապարտվեցի 19 տարեկանում, երբ շատ բաներ խորությամբ չէի գիտակցում, ինչպես այդ տարիքում դատապարտված շատ-շատերը: Կարծում եմ՝ այդ տարիքում մարդուն պետք է տալ հնարավորություն»,- ասում է նա:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ա. Զալյանը նշեց, որ թեև գիտեր, որ արդար է, սակայն ցմահ ազատազրկման դատապարտվելուց հետո գրեթե հույս չուներ, որ արդարացման դատավճիռ կլսի:
«Երբ կալանքի մեջ էի, ես տեղյակ էի, որ ցմահ դատապարտյալներից ոչ ոք չի ազատվել, և ամենամեծ հոգեբանական ճնշումը դա էր: Իհարկե, սպասելիքներս մեծ էին, կար նաև հավատ, որ մի օր կգա, որ կբացահայտվի այս ամենը»,- ասաց նա:
Նրա խոսքով` այդ տարիները շատ բան են փոխել իր կյանքում, քանի որ դատապարտվելու ժամանակ եղել է ընդամնեը 19 տարեկան, և անգամ չի գիտակցել, թե ինչ է նշանանակում ցմահ ազատազրկումը և հետագայում իրավաբան դառնալ որոշել է հենց իր իրավունքները պաշտպանելու ցանկությունից դրդված:
«Երբ մեզ ձերբակալեցին, ես 19-ամյա տղա էի, չէի էլ պատկերացնում, թե ինչ անկանալներ է մատուցելու կյանքը ինձ, դատապարտումից գաղափար չէի կազմում, մոտ 3 տարի ՔԿՀ-ում անցկացրեցի և այդ տարիները բավականին փոխեցին իմ մտածելակերպը և աշխարհայացքը: Դրանից հետո հասկացա, որ անձը նախ և առաջ պետք է իմանա իր իրավունքները, և որոշեցի իմ ներդրումը ունենալ այս գործում»,- ասաց նա:
Արայիկ Զալյանի հավաստմամբ` այս գործով նախաքննությունը տարվել է իրական հանգամանքերի կոծկման ուղղությամբ, բազմաթիվ հարցեր չպարզաբանված են մնացել: «Փորձաքննություների բազմաթիվ պատասխաներ կան, որ հակասում են իրար, մի փորձագետի եզրակացությամբ երիտասարդները տարբեր օրեր էին մահացել, հետագայում այդ շաբաթները իրար հավասարացրել էին»,- ասաց նա:
Նրա խոսքով` Ռազմական ոստիկանությունը նոր քննության շրջանակներում պետք է պարզի նաև իրենց ազատազրկման հարցում մեղավորներին:
«Պետական պաշտոնյաները, ովքեր այս գործով որոշումներ են կայացրել, պետք է պատասխան տան: Առաջին հերթին, Գագիկ Ջհանգիրյանը, ով գործը սարքողներից էր, Արմեն Հակոբյանը, ով գործով քննիչն էր, քննչական խմբի ղեկավարը, ում կողմից էլ ես խոշտանգումների եմ ենթարկվել»,- ասաց նա:
2005 թ. այս խոշտանգումների գործով իրենք դիմել են ՄԻԵԴ: Ա. Զալյանի խոսքով` սպասում են այս գործով ՄԻԵԴ վճռի հրապարակմանը, որովհետև իրենց և ՀՀ պատասխանները արդեն ուղարկվել են ԵԴ:
Բացի այս, շարունակվում է երեք նախկին ամբաստանյալների` Գ. Ջհանգիրյանի դեմ բողոքի քննությունը: Ըստ բողոքի` Գ. Ջհանգիրյանը այս գործի ընթացքում իր արտահայտություններով նպատակ է ունեցել արատավորելու Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև՝ խախտել է նրանց անմեղության կանխավարկածը՝ միտում ունենալով բացասական տպավորություն ստեղծել:
Ա. Զալյանի խոսքով` դատարանը անհիմն պատճառաբանությամբ մերժել է իրենց բողոքը: «Դատարանը աբսուրդ հիմնավորում է տվել, որ Ջհանգիրյանը նախկինում տվյալ գործով վերահսկող դատախազ է եղել և դա իր մեկնաբանությունն է եղել տվյալ գործով»,- ասաց նա:
Ա. Զալյանը նշեց, որ թեև մի դատավճռով ՀՀ արդարադատության համակարգում որևէ բան չի կարող փոխվել, սակայն Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարումից հետո ռազմական հանցագործությունների հարցերով դատավճիռների պատկերը փոխվել է: «Այն բողոքներով, որ ներկայացնում էին այն տարիներին, ակնհայտ է, որ բազմաթիվ ապօրինություններ են կատարվել: Այդ առումով, ահագին բան փոխվել է»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում` Օրենքի զոհերը. Տիգրան Առաքելյան. Մի օր իրական արդարադատություն է լինելու
Օրենքի զոհերը. Հետմահու արդարացված զինծառայողը
Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի