20/11/2013 14:05
Հրաչյա Հարությունյանի մեղքը ապացուցված է համարվել. Նա հանդիպել է փաստաբանին
Նոր Մոսկվայում վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանի մեղքը փորձաքննությունը ապացուցված է համարել: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Ըստ ՌԴ ՆԳՆ տրամադրած տեղեկությունների` ավտոտեխնիկական փորձաքննությունը հաստատել է, որ Հ. Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության և ավտոմեքենայի շահագործման կանոնները:
Ըստ փորձաքննության` բեռնատարը տևական ժամանակ տեխնիկական սպասարկման չի ենթարկվել, որը հանգեցրել է արգելակման համակարգի խափանման:
Ավելի վաղ հաստատվել էր, որ վթարի ժամանակ ավտոմեքենան գերծանրաբեռնված է եղել, ինչը այս ամենի հետ միասին հանգեցրել է ավտոպատահարի:
Հ. Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը արդեն հանդիպել է Հ. Հարությունյանի հետ: «Մենք ծանոթացել ենք փորձագիտական եզրակացությանը»,-ասաց նա, նշելով, որ այդ մասին կխոսի օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը մեղադրվում է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ:
Մոսկվայի Տվերսկոյ դատարանը սեպտեմբերի 13-ին որոշում է կայացրել Հրաչյա Հարությունյանին թողնել կալանքի տակ` մինչև դեկտեմբերի 14-ը:
Նախորդող հրապարակում` Հրաչյա Հարությունյանի գործով փորձաքննությունները պատրաստ են