20/11/2013 12:26
Շանթ Հարությունյանը դեռևս հոգեբուժարան չի տեղափոխվել
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դռնփակ դատական նիստում երեկ որոշվել է Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառել դատահոգեբուժական փորձաքննություն և 2 ամսով նրան տեղափոխելով Նուբարաշեն հոգեբուժարան:
Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Շ. Հարությունյանը դեռևս գտնվում է «Երևան -կենտրոն» ՔԿՀ-ում: Նա նշեց, որ Հարությունյանի հետ դեռևս չի հանդիպել և չի կարող ասել իրենց հետագա քայլերի մասին:
«Նա դատարանում առարկեց մեղադրանքի դեմ` ասելով, որ ինքը հոգեկան հիվանդ չէ»,- պատմեց պաշտպանը: Ի. Պետրոսյանի խոսքով` Շ. Հարությունյանը դեռևս չի հարցաքննվել:
Հարցին` ինչպես էր իրեն զգում Շ. Հարությունյանը և արդյոք նրա վրա կայի՞ն բռնության հետքեր, փաստաբանը նշեց, որ այդ թեմայով ինքը կխոսի Շ. Հարությունյանի հետ խոսելուց հետո:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Ոստիկանության հաղորդմամբ` երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Կան տուժած ոստիկաններ:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի` 2009 թ. Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան է ստացվել Շ. Հարությունյանի գործով ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության թիվ 40 եզրակացությունը հետևյալ բովանդակությամբ.
«Փորձագիտական հանձնաժողովը եզրակացնում է, որ Շանթ Շահենի Հարությունյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, այլ նրա մոտ հայտնաբերվում է «Անձի խառը խանգարումներ հակված իրավիճակով պայմանավորված հակազդումների»։
Այդ մասին են վկայում ինչպես անամնեստիկ տվյալները, այնպես էլ ներկա հետազոտման արդյունքները։
Իրավախախտումը կատարելու պահին փորձաքննվողը գտնվել է իրավիճակով պայմանավորված դեկոմպենսացված վիճակում, որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից։
Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Շանթ Շահենի Հարությունյանին հարկ է ճանաչել անմեղսունակ։
Ներկայումս նա կարող է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք և իր ներկա հոգեկան վիճակով նա հարկադրական բուժման կարիք չունի, կարող է մասնակցել դատաքննչական գործողություններին։»
Դատարանը հաստատված է համարել, որ Շանթ Հարությունյանը վերագրվող հանրության համար վտանգավոր արարքը կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, որի պատճառով նա ենթակա չէ քրեական պատասխանատվության, իսկ իր ներկա հոգեկան վիճակով նա հարկադրական բուժման կարիք չունի։
Նախորդող հրապարակում` Շանթ Հարությունյանը Երևանի ձերբակալվածների պահման վայրում է