20/11/2013 16:32
Կարդալ, աշխատել, լողանալ. Ի՞նչ չի կարելի անել քնելուց առաջ
Առավոտյան մենք հաճախ ենք արթնանում զգացողությամբ` կարծես չենք էլ քնել: Շատերն են ասում, որ առավոտյան անգամ ավելի հոգնած են արթնանում, քան քնելուց առաջ էին: Ներկայացնում ենք մի քանի գործողություն, որոնք ըստ նյարդաբանների ու հոգեբանների` ցանկալի չէ կատարել քնելուց առաջ: Այսպիսով`
1. Ֆիզիկական ծանր աշխատանք
Ֆիզիկական աշխատանքն ու ծանրաբեռնվածությունն առողջ ապրելակերպի անբաժանելի մասն են: Այնուամենայնիվ, քնելուց երեք ժամ առաջ պետք է բացառել ամեն տեսակի ֆիզիկական ծանրաբեռնվածություն, քանի որ դրա ընթացքում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, ինչն էլ բարդացնում է քնելու գործընթացը:
2. Հեռուստացույց
Քնելուց առաջ չի կարելի հեռուստացույց դիտել կամ` նստել համակարգչի առաջ: Վառ լույսը, որն արձակվում է հեռուստացույցի կամ համակարգչի էկրանից, դանդաղեցնում է մելատոնին հորմոնի արտադրությունը, որն էլ պատասխանատու է առողջ քնի համար:
3. Տաք ցնցուղ
Տաք ցնցուղից կամ լոգանքից հետո անմիջապես մի պառկեք քնելու: Ինչպես և նախորդ կետերից մեկում, այս դեպքում ևս ձեր մարմնի ջերմաստիճանը բարձր է, ինչն էլ խանգարում է ձեզ արագ քնել:
4. Ըմպելիքներ
Կոֆեինն ու ալկոհոլն անկասկած խանգարելու են ձեզ քնել: Միևնույն ժամանակ, ցանկալի չէ քնելուց 1-2 ժամ առաջ նաև ոչ ալկոհոլային ըմպելիքների օգտագործումը:
5. Աշխատանք
Բոլոր աշխատանքային հարցերը կարող են սպասել մինչև առավոտ: Մի ծանրաբեռնեք ձեր ուղեղը քնելուց առաջ:
6. Ընթերցանություն
Շատերն են սիրում քնելուց առաջ գիրք կարդալ: Միևնույն ժամանակ, հաճախ գիրքն այնքան հետաքրքիր է լինում, որ մենք չենք կարողանում դրանից կտրվել ու արդյունքում արթուն ենք մնում մինչև գիշերվա 2-3-ը: Այնպես որ, եթե չեք կարող հրաժարվել ընթերցանությունից, ապա` գոնե սահմանափակեք այն:
7. Ընտանի կենդանիներ
Բժիշկները խորհուրդ են տալիս չքնել ընտանի կենդանիների հետ միևնույն անկողնում, քանի որ կենդանիները բավականին անհանգիստ են քնում, արդյունքում` դուք չեք հասցնի լիարժեք հանգստանալ:
8. Լուրջ զրույցներ
Հիշեք, եթե քնում եք բացասական զգացողություններով, նույն զգացողություններով էլ արթնանալու եք: Փորձեք չքննարկել որևէ լուրջ, ծանր հարց քնելուց առաջ: