22/11/2013 10:24
Ինտրիգներ` ռուսական ձեռնարկություններում Պուտինի այցից առաջ
«Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանում` ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկություններում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից առաջ: Մեկ Հարավկովկասյան երկաթուղու բենզատարներն են շուռ գալիս, մեկ հոսանքազրկվում են Հայաստանի խոշոր քաղաքները: Երեկ էլ հանրության համար անսպասելի բողոքի ակցիա պայթեց «Ցանցերում»: Տպավորություն է ստեղծվում, որ ինչ-ինչ ուժեր անում են ամեն ինչ, որ թեժացնեն իրավիճակը և Պուտինը տագնապալից տեղեկություններ ստանալով Հայաստանից, մեկ անգամ ևս հետաձգի այցը: Երեկվա բունտն անսպասելի էր նաև «Ցանցերի» տնօրեն Բիբինի համար, որը դուրս էր եկել իր աշխատասենյակից և մի կերպ փորձում էր հանգստացնել խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտի զայրացած աշխատողներին:…»
«Ցանցերին» մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրները հայտնում են, որ այս հիմնարկում ոչ բոլորն են գոհ Բիբինի վարքագծից և որ ներքին հակամարտություններ կան նրա և նախկին տնօրեն Եվգենի Գլադունչիկի թիմի մեջ: Ահա ինչու էր անհրաժեշտ, որ աշխատակիցները բորբոքվեին հենց ՌԴ նախագահի այցից առաջ, ինչը մեծ «մինուս» է Բիբինի համար:
«Հրապարակի» աղբյուրները վստահեցնում են, որ Ալեքսեյ Բիբինի թիմը որոշակի չափով կրճատել է «Ցանցերում» պտտվող ստվերային գումարները և իր դեմ տրամադրել շատերին: Մյուս կողմից, Բիբինի մասին պատմում են, որ նա ճկուն ղեկավար չէ, սուր անկյունները հարթող և արհամարհանք ունի ստորադասների նկատմամբ: