22/11/2013 15:45
Մանկական Եվրատեսիլ-2013. Համեղ, շոկոլադին բնորոշ ելույթ է լինելու
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում ներկայացնելու է Մոնիկա Ավանեսյանը իր «Շոկո ֆաբրիկա» երգով: Երգի համահեղինակն է Էմմա Ասատրյանը, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Մանկական Եվրատեսիլ-2013» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Համեղ, շոկոլադին բնորոշ ելույթ է լինելու»,- ասաց նա:
Նա նշեց, որ մրցույթի պատվիրակությունը մեկնելու է Ուկրաինա այս կիրակի օրը, իսկ մրցույթին հեռուստադիտողները կկարողանան հետևել ավելի շուտ, քան նոխորդ տարիներին, 20.45-ից սկսած:
Անդրադառնալով Մոնիկայի ելույթին, Մոնիկայի վոկալի ուսուցչուհի, «Շոկո ֆաբրիկա» երգի համահեղինակ Է. Ասատրյանը նշեց, որ երգը հնարավորինս համապատասխանեցվել է մրցույթի տենդենցերին, սակայն իրենց նպատակը լավ ելույթ ունենալն է, ոչ թե մրցանակային տեղեր զբաղեցնելը: Գ. Գասպարյանը հավելեց, որ «մեր երգն իր ոճով առանձնահատուկ է» և առայժմ մրցակիցներ չեն տեսնում մասնակիցների մեջ:
Մոնիկան, սակայն, նշեց, որ շատ է հավանում Մալթայի և Ռուսաստանի մասնակիցների երգերը:
«Եվրատեսիլ 2013»-ի կարգախոսն է «Եղի՚՛ր ստեղծագործ», իսկ տարբերանշանը` Pussle Man-ը:
Այս մրցույթի ընթացքում մի քանի անակնկալներ են պատրաստվել: Գ. Գասպարյանը նշեց, որ մասնակիցների միավորները կհայտարարեն ոչ թե տեսանյութով, այլ բեմից, իսկ Հայաստանի միավորները կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ-2013»-ի եզրափակիչ փուլի 2-րդ մրցանանակիր Դավիթ Վարդանյանը:
Բացի այդ, մրցանակային մեկ տեղի փոխարեն կլինեն 3-ը: Նրանք կպարգևատրվեն «Փազլմեն» գավաթներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցել «Եվրատեսիլ 2014»-ին: