22/11/2013 16:38
Տ. Հրիսթեա. Վիլնյուսից հետո փորձելու ենք գտնել համագործակցության ուղիներ
Եվրամիությունը հաշվի է առնում Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու ցանկությունը և շարունակելու է մնալ Հայաստանի հետ համագործակցող կազմակերպություն: «Վարշավայից դեպի Վիլնյուս. խաչմերուկներում՝ Հայաստան և Վրաստան» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Հայաստանի հետ, շարունակեց խոսքը դեսպանը, արդեն վավերացվել է հետընդունման համաձայնագիր. «Եվրամիությունը հաշվի առավ ՄՄ-ին միանալու Հայաստանի ցանկությունը` չնայած, որ ամիսներ առաջ համաձայնություն կար Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ: Այնուամենայնիվ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին մարդու իրավունքների հարցում»:
Խոսելով նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի մասին` Տ. Հրիսթեան նշեց, որ գագաթաժողովը պետք է արձանագրի կարևոր առաջընթացներ գործընկերների հետ համագործակցության հարցում. «Վիլնյուսից հետո փորձելու ենք գտնել համագործակցության ուղիներ»: