25/11/2013 15:18
Ա. Ադիբեկյանը՝ կուտակային համակարգի մասին. «Էշ մի սատկի գարուն կգա»
25 տարի առաջ Հայաստանում տարեկան ծնվում էր 80 000 երեխա, հիմա ծնվում է 40 000 երեխա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` կենսաթոշակային համակարգի ֆոնին, ծնելիության վիճակագրական տվյալները ներկայացրեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա՝ ներկայիս երիտասարդները ապագայում հավանական է, որ չկարողանան թոշակ ստանալ, և եթե ներկայումս կուտակային կենսաթոշակայինի հարցը չլուծվի, ապա որտեղից են երիտասարդները թոշակ ստանալու «մենք հիմա մի կերպ ստանում ենք»:
Բանախոսը հիշեցրեց, որ աշխարհի բոլոր երկրներն անցում են կուտակային համակարգին` լրացնելով սերունդների համերաշխության համակարգը, չբացառելով, որ նման արագ անցումը կուտակային կենսաթոշակային համակարգին հիշեցնում է «շոկային թերապիա»:
Ահարոն Ադիբեկյանը նոր կենսաթոշակային համակարգի հետ կապված մտահոգություններ ունի, հատկապես ինդեքսացիայի հետ, սակայն հակված է` «ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում» սկզբունքին:
Թեև Ա. Ադիբեկյանը հակված է կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկմանը` որքան հնարավոր է շուտ, սակայն չի բացառում, որ իրականանա` «էշ մի սատկի գարուն կգա» առածը: