25/11/2013 17:22
Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանին մատուցած ծառայությունների համար պարգևատրվեց
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը 2013 թ. նոյեմբերի 23-25-ը մեկնել է Լեհաստանի Հանրապետություն` ներկա գտնվելու հայազգի աշխարհահռչակ երաժիշտ Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Նոյեմբերի 17-23-ը Վարշավայում կայացած մեծանուն կոմպոզիտորի հոբելյանական փառատոնին մասնակցել են հայտնի քաղաքական գործիչներ, մտավորականներ և արվեստագետներ:
Հոբելյանական միջոցառումների շարքում` նոյեմբերի 23-ին Վարշավայի եկեղեցիներից մեկում Ք. Պենդերեցկու պատվին մատուցվել է պատարագ: Նույն օրը երեկոյան Վարշավայի օպերայի ազգային մեծ թատրոնում կայացել է հոբելյանական միջոցառումների եզրափակիչ համերգը և փառատոնի փակման պաշտոնական արարողությունը:
Համերգի ավարտին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Քշիշտոֆ Պենդերեցկին հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևը մեծանուն կոմպոզիտորին հանձնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Լեհաստան գործուղման ընթացքում ՀՀ մշակույթի նախարարը կհանդիպի նաև Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարար Բոգդան Զդրոևսկու հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային ծրագրեր, մասնավորապես` «Հայաստան-Լեհաստան. մշակութային խաչմերուկներ» խորագրի ներքո 2014 թ. Լեհաստանում Հովհ. Այվազովսկու, իսկ Հայաստանում՝ հայկական ծագում ունեցող լեհ անվանի նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպման մանրամասները: