28/11/2013 13:30
«Մեր համար կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը բացասական է»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մեր նման թույլ երկրների համար կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը բացասական երևույթ է:
«Ենթադրենք, 100 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին բոլոր հարկատեսակները միասին վերցրած, պետությանը պետք է վճարի իր աշխատավարձի 26 տոկոսը, այսինքն՝ 26 հազար դրամ և աշխատավարձի տակը բան չի մնում»,-ասաց նա:
Ա. Ադիբեկյանի խոսքով՝ արտասահմանյան որոշ երկրներում այս համակարգը տարեցների համար ապահովում է առավել քան ապահով ծերություն, սակայն մեր երկրում կենսաթոշակները ծիծաղելի չափսերի են հասնում և բավականացնում են միայն կոմունալ վճարները վճարելու համար:
Սոցիոլոգը նշեց, որ եթե 1988 թ. Հայաստանում ծնվել է 80 հազար երեխա, ապա վերջին տարիներին՝ դրա կեսը, և նրանք ստիպված են լինելու կրկնակի «բեռի տակ մտնել»՝ վճարելով նախորդ սերնդի կենսաթոշակային ֆոնդերը:
Ա. Ադիբեկյանի խոսքով՝ կենսաթոշակային ֆոնդերի վստահելիության առումով մտահոգվելու կարիք չկա, քանի որ դրանք ներդրվելու են արժեթղթերի շուկայում, իսկ պետությունը 3 ամիսը կամ կես տարին մեկ պետք է ստուգի դրանց գործունեությունը: