29/11/2013 13:44
Կառավարությունը վճռական է. 2014 թ-ից կենսաթոշակի նոր համակարգը կգործարկվի
«Մենք վճռական ենք մեր տրամադրություններում` ռեֆորմները հասցնել տրամաբանական ավարատի»,- այս մասին այսօր Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ դժգոհություններին:
Վարչապետը հիշեցրեց, որ ռեֆորմներից սա առաջին դժգոհությունը չէ, հիշեցրեց, թե ինչպես էին մարդիկ բողոքում, երբ ներդրվում էր ԱՊՊԱ համակարգը:
Ինչ վերաբերում է բողոքներին, վարչապետը փոխանցեց, որ կառավարության նիստի օրերին լսում են սպառնալիքներ, ուշադրությամբ հետևում են և հաշվարկում բողոքողների տեսակարար կշիռը, իրական պրոբլեմները որոնք են, բոլոր սպառնալիքներին արձագանքում են:
Տ. Սարգսյանը հիշեցրեց, որ կենսաթոշակային կուտակային համակարգը մշակվել է տասը տարվա ընթացքում, լավագույն փորձագետները եկել են Հայաստան, դասախոսություններ են կարդացել. Արդույնքում ընդունվել է հայեցակարգը:
«Կան մարդիկ, որ չեն ընդունում այս համակարգը, մենք հարգում ենք նրանց տեսակետը, բայց պարտավոր ենք առաջ գնալ` օրենքի պահանջներին համապատասխան»,- ընդգծեց վարչապետը: