29/11/2013 16:05
Ակնկալում ենք ՀՀ ապօրինի շրջափակման վերացման հարցում ԵՄ լիարժեք ներգրավում
«Մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձևավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք մի կողմից արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության այլ ձևաչափերի հետ: Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա՝ տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրել առավել ընդգրկունբաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ»,- Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթաժողովին այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հենց այս գիտակցմամբ ենք մենք առաջնորդվում մեր արտաքին հարաբերություններում և մեր հարևանների հետ խնդիրները փորձում ենք կարգավորել հենց այդ սկզբունքով` փորձելով Եվրոպայում հաջողված հաշտեցման փորձը տեղայնացնել նաև մեր տարածաշրջանում: Կարծում եմ, որ եվրոպական արժեքների հետևողական որդեգրումը կարող է օգնել Թուրքիային սեփական անցյալի հետ հաշտվելու հարցում: Այսօր հազարավոր թուրքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և կանգնում մեր կողքին՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու հրաժարվել ժխտողական քաղաքականությունից»,- ասել է երկրի ղեկավարը:
Եվրամիության հետ ինտեգրումը որպես եվրոպական երկիր շարունակելու հարցում, Նախագահի խոսքերով, Թուրքիայի առջև դեռևս շարունակում են ծառացած մնալ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մարտահրավերները. «Եվրոպական Միության անդամ-պետություններից, որպես մեր գործընկերներից, մենք ակնկալում ենք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացման հարցում լիարժեք ներգրավում և հետևողականություն»:
Նախորդող հրապարակումներ` Նախագահ. ՀՀ-ն ու ԼՂՀ-ն ձեռնպահ են եղել ապակայունացնող հայտարարություններից
Սերժ Սարգսյան. Եվրոպական մոդելի Հայաստանը մեր գիտակցված ընտրությունն է