29/11/2013 15:16
Սերժ Սարգսյան. Եվրոպական մոդելի Հայաստանը մեր գիտակցված ընտրությունն է
Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի իշխանություններին ու Եվրոպական Հանձնաժողովին՝ Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը հյուրընկալելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Վիլնյուսում Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Արևելյան գործընկերության ծրագրի հնգամյա պատմությունը վկայում է այս ձևաչափի անհրաժեշտության և կենսունակության մասին: Այն արդյունավետ կերպով համալրում է համաեվրոպական համագործակցության ճարտարապետությունը՝ հնարավորություն ընձեռելով եվրոպական ընդհանուր արժեքների հիման վրա որակապես նոր, առավել սերտ ու ընդլայնված հարաբերություններ կառուցելու համար: Այդպիսի հարաբերությունների ձևավորումը Հայաստանի ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային և պատմա-քաղաքական ժառանգության կանչն է, մեր հասարակության՝ գիտակցված պահանջարկը:
Արևելյան գործընկերությունը հնարավորություն տվեց նոր թափ հաղորդել ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության ու հասարակության արդիականացմանն ուղղված ջանքերին: Այն խթանեց մեր լայնածավալ բարեփոխումների օրակարգը: Որպես չափելի արդյունք կնշեմ ընդամենը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած երեք խոշոր ընտրական գործընթացները, որոնք նոր նշաձող սահմանեցին այս ոլորտում՝ էապես ամրապնդելով Հայաստանի ընտրական համակարգը:
Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակելու նոր թափ հաղորդել մեր երկրներում իրականացվող բարեփոխումներին: Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է»,-ասել է Սերժ Սարգսյանը: