29/11/2013 15:40
Նախագահ. ՀՀ-ն ու ԼՂՀ-ն ձեռնպահ են եղել ապակայունացնող հայտարարություններից
Մի քանի օր առաջ Վիեննայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, գրեթե երկու տարի տևած դադարից հետո կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթաժողովին այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և շարունակել.
«Թեև արդյունքների մասին դեռ շատ վաղ է խոսել, այդուհանդերձ հանդիպման փաստն ինքնին դրական երևույթ է: Հարկ եմ համարում ընդգծել, որ բանակցությունների հաջող ելքն իրականում կախված է այն բանից, թե որքանով մենք մեր ժողովուրդներին կպատրաստենք խաղաղության, թե որքանով կկարողանանք հրաժարվել բացասական հռետորաբանությունից և թուլացնել լարվածությունը շփման գծում: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ձեռնպահ են եղել իրավիճակն ապակայունացնող հայտարարություններից ու քայլերից և որդեգրել են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ տնտեսական մրցակցության, ազատ խոսքի հիման վրա պետություն կառուցելու ճանապարհը՝ հաստատակամ քայլերով առաջ ընթանալով այդ ուղիով:
Ակնկալիքները վիլնյուսյան այս գագաթաժողովից մեծ են։ Մենք այս գագաթնաժողովը դիտում ենք որպես ԵՄ հետ մեր հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու կարևոր հանգրվան: Հենց այդ համատեքստում ենք մենք ընթերցում գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթը և այսօր ստորագրվելիք Հայաստան-Եվրոպական Միություն հռչակագիրը»: